«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանը թերևս այն եզակի երկրներից է, որտեղ ավտովթարները՝ հատկապես մահվան ելքով, տարեկան կտրվածքով ահռելի մեծ թիվ են կազմում: Իհարկե, պատճառները տարբեր կարող են լինել: Բայց հստակ է, որ վարորդները հաճախ ոչ սթափ են ղեկին նստում, վարորդական իրավունքի վկայականները ստանում են շատ հեշտ՝ իրականում վարել չիմանալով (երբեմն գնում են այն), և ամենակարևորը՝ ավտոճանապարհներին ՃԵ անհրաժեշտ ցուցանակները երբեմն բացակայում են: Ասել է, թե բոլոր դժբախտ դեպքերում ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ունեն իրենց մեղքի բաժինը: Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրը (Ծովակ համայնքի մոտակայքում), կարելի է ասել, անիծված է: Վերջին 10 տարվա ընթացքում հենց այս հատվածում մոտ երկու տասնյակ մարդ է զոհվել ավտովթարի հետևանքով: Սակայն ճանապարհային ոստիկանությունը տարիներ շարունակ անհաղորդ է իրավիճակին: Չկա որևէ զգուշացնող ցուցանակ, որ այդ հատվածը, թեև հարթ, ուղիղ ճանապարհ է թվում, իրականում կտրուկ շրջապտույտ է, և պետք է կտրուկ արգելափակումներով շարունակել երթևեկությունը:

Հետաքրքիր է՝ քանի զոհ դեռ պետք է ունենանք այդ հատվածում, որ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանն արթնանա նիրհից և ասֆալտի ու «գոլդ համարանիշների» բիզնես գործունեությունից զատ նաև ապահովի մարդկանց անվտանգ երթևեկության համար հույժ անհրաժեշտ նախազգուշական ցուցանակները: Տարածքին անծանոթ մարդիկ, երբ մի փոքր արագությունը գերազանցում են, անհնար է դառնում ավտովթարից խուսափելը: Անցած տարվա ընթացում միայն 4 զինվորականներ են զոհվել այդ վայրում: Ու եթե արագաչափ դնելու իմաստը մեր երկրում ոչ թե փող շորթելն է, այլ վթարները կանխելը, ապա այդքան զոհերից հետո առաջնահերթ պետք էր հենց այդ հատվածում դնել նման սարքերը:

Մայիսի 1-ին նույն 27-րդ կմ-ի հատվածում 6 հոգի զոհվեց վթարի հետևանքով: Այսօր 6-ին էլ հողին կհանձնեն: Աստված լուսավորի նրանց հոգիները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: