Նման հանցագործության խրախուսումն ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանի համար նորություն չէ. Բուդապեշտում քնած վիճակում հային կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը, 2012թ.-ին Բաքու արտահանձնվելուն պես, Ադրբեջանի նախագահի կողմից անմիջապես ազատվեց պատիժը կրելուց, պարգևատրվեց և հերոսացվեց: Ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան՝ մեկնաբանելով ԼՂ Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանական զինծառայողի պարգևատրումը:

Նա մասնավորապես ասել է. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ս.թ. ապրիլին սանձազերծված ագրեսիայի ընթացքում դպրոցների նպատակային հրետանակոծումը, ինչի արդյունքում զոհվել և վիրավորվել են երեխաներ, տարեց անձանց կտտանքների և խոշտանգումների միջոցով տանջամահ անելը, ԼՂ գերեվարված զինծառայողների դիակների խեղումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը որդեգրել է պետական մակարդակով խրախուսվող և ուղղորդվող ահաբեկչության և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու քաղաքականություն:

Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը պայքարում է ահաբեկչական կազմավորումների բարբարոսական գործողությունների դեմ, այդ նույն անմարդկային ձեռագրով գործում է միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունը՝ Ադրբեջանը»: