«Կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է, որ կառավարության այդ որոշումը տրամաբանական շարունակությունն է այն հայտարարության, որը նախագահն արել է ապրիլյան հայտնի իրադարձության ժամանակ, ըստ որի՝ եթե Ադրբեջանն սկսի լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, Հայաստանը գնալու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը»,- ասաց «Կովկաս ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով կառավարության հաստատած ԼՂՀ ճանաչման օրենսդրական նախաձեռնության եզրակացությանը:
Նա մանարամասնեց՝ ասելով, որ նախագիծը ցույց է տալիս, որ ՀՀ-ն չի ցանկանում ստեղծել քաղաքական մի իրավիճակ, որը հնարավորություն կտա հակառակորդ կողմին էսկալացիայի ենթարկել: «Բոլորին հասկանալի է, որ ճանաչման փաստը ներառում է այն հնարավոր քաղաքական գինը, որը Ադրբեջանը պարտավոր է վճարել, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսի»,- ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ Արցախի ճանաչման նախաձեռնությունը որակական մի աստիճանով բարձրացնելու նպատակն այն է, որ Ադրբեջանին և միջազգային հանրությանը «մեսիջ» հղվի, որ Հայաստանը լուրջ մտադրություն ունի, և ճանաչման հարցը շարունակում է մնալ «ոսկե փամփուշտ»: