« Ժողովուրդ» թերթի թղթակիցը հարցազրույց է ունեցել ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, որի ընթացքում նա վստահեցրել է, որ ինքը կիսելու բան չունի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:

Նա լրագրողի հետ զրույցում նշել է, որ իր և Վ.Ղուկասյանի միջև խնդիր եղել է 2008թ. քաղաքապետի ընտրություններից հետո:

«Լարվածություն կար, քաղաքական բնույթի մրցակցություն էր, եթե կարելի է դա անգամ այդպես ասել: Դրանից հետո մեր հարաբերությունները շարունակվել են, քանի որ առիթ եմ ունեցել մշտապես տեսնել և ասել, որ բացարձակապես խնդիր չունեմ իրենց հետ, թշնամանք` ևս»,- ասել է Մ.Գրիգորյանը:

Թղթակցի այն հարցին, որ եթե թշնամանք չի եղել, ապա ո՞րն է զինված պայքարի իմաստը, պատգամավորը պատասխանել է. «Այդ հարցն իրեն պետք է տաք, քանի որ մենք այդ զինված պայքարին ոչ մասնակցություն ենք ունեցել, ոչ էլ` ցանկություն: Առհասարակ, այսքան ժամանակ մեր կողմում ինչ-որ նման դեպքեր չեն կատարվել, և մենք այսօր պետք է կարողանանք տարանջատել տուժող կողմին այդ արարքը գործած կողմից: Մենք այս դեպքում տուժող կողմ ենք: Եվ երկու կողմերին հավասարաչափ դիրքերից նայել ու քննադատելը ճիշտ չէ: Ես չեմ հասկանում, թե ընդհանրապես որն է իմ մեղքը, որ շահարկվում է իմ անունը»: