ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները հիմա առաջնագծում են և լուրջ ծրագրեր են իրականացնում, որոնց մասին նախարարը նպատակահարմար չի համարում բարձրաձայնել: «Լուրջ ծրագրեր են իրականացնում, թե ինչ, չեմ կարող ասել, ցավոք սրտի»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` ի պատասխան դիտարկման, որ առաջնագծում ՀՀ սոցիալապես անապահով խավի զավակներն են:

Լրագրողների հարցին, թե նախարարը կոնկրետ որքա՞ն օժանդակություն է ցույց տալիս, Գագիկ Խաչատրյանը ասաց.«Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որովհետև դա հրապարակման ենթակա չէ»:

Դոլարային միլիոնատերերի, դղյակների ու այլ շքեղությունների մասին էլ ՀՀ Ֆինանսների նախարարն ասաց, որ միշտ ասել է` պետք է վախենալ ոչ թե հայտարարագրված գումարներից, այլ չհայտարարագրված:

«Եթե ես հայտարարագրել եմ, նշանակում է` ես գիտեմ՝ ինչ եմ հայտարարագրել»,-ասաց Գագիկ Խաչատրյանը, իսկ ի պատասխան ճշգրտող հարցի, թե հանրությանն այդ գումարների ծագումն է հետաքրքրում, ասաց.«Գրված է»։

Այն հարցին, թե ինչ միջոցներով, նախարարը պատասխանեց.«Երկար տարիների աշխատանքով»: