Այսօր իրավիճակը սահմանագծում համեմատաբար հանգիստ է: Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավելելով նաև, որ կրակոցներ ու խախտումներ եղել են:
«ԼՂՀ պաշտպանության բանակի տեղեկատվությամբ՝ այդ խախտումներն արժանի հակահարված ստացել են»,-ասաց նախարարը:
«Կարելի է ասել, որ մենք այսօր տոնում ենք մեր բոլոր սերունդների կատարած քաջագործությունները, որոնք երբևիցե չեն խամրում և անընդհատ թարմանում են ու իրենց արտացոլումն են գտնում մեր այսօրվա զինվորների, կամավորականների, երկրապահների, նվիրյալների գործողություններով ու սխրանքներով: Դրանք այսօր մեր պատմությունն ավելի հարուստ են դարձնում»,-շնորհավորելով մայիսյան եռատոնի կապակցությամբ, ասաց Սեյրան Օհանյանը։
Հարցին, թե Արցախի Հանրապետության ճանաչումն Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի չի հանգեցնի, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունն իրականացնում է այն ողջ խնդիրը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աստիճանաբար ճանաչման տանելուն: Այդ դիվանագիտական աշխատանքը շատ նուրբ, հետևողական աշխատանք է իր մեջ պարունակում, և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում: Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»: