Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կարինե Ք.-ն և վերջինիս դուստրը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ Կարինե Ք.-ն և նրա դուստրը նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սևան քաղաքում ոստիկանության աշխատակիցները հայհոյել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ, ապա, իրենց կամքին հակառակ, ստիպողաբար ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաք՝ փորձաքննության ենթարկելու համար:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: