«Հրապարակ» թերթն այսօրվա գրում է.

«Սահմանին հրանոթները մի քանի օր է՝ լուռ են։ Զոհվածների շիրիմներին խոնարհված ծաղիկները դեռ չեն թոշնել։ Վիրավորները դանդաղ ապաքինվում են։ Թալիշում զոհված Հրաչյա Գալստյանի նորածին դուստրը երևի արդեն ժպիտ է պարգևել սգավոր մորն ու տատին։ Սահմանից 1-2 կիլոմետր հեռու աշնանացան արտերը հասկակալել են։ Արտերը հնձվելո՞ւ են։ Այգեկութ լինելո՞ւ է։ Սահմանամերձ բնակավայրերում վերջին զանգի արարողություններ անցկացվելո՞ւ են։ Շրջանավարտ տղաները զորակոչվելո՞ւ են։

Պատերազմ է։ Այն չի ավարտվել, քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, կամ գոնե շփման գծից ծանր զրահատեխնիկան, հրթիռահրետանային կայանքները հեռացված չեն։ Իսկ քաղաքական «ճակատում» կրքեր են թեժանում։ Ընտրական օրենսգիրք է ընդունվում։ Այսօր սահմանին կանգնած զինվորը 2017-ին մտնելու է ընտրական տեղամաս։ Գալիք ընտրությունը պետք է չափվի հենց այդ հնարավորությամբ՝ 2016-ի ապրիլին սահմանն անառիկ պահած զինվորն ազատ է, թե՝ ոչ՝ իր քվեն տալու նախընտրած կուսակցությանը։ Զոհվածի ծնողն ազատ է։ Հասարակությունն ազատ է։ Ոչ մի «մատներ թանաքոտել» և «էլեկտրոնային գրանցում» ընտրությունների նկատմամբ վստահությունը չի բարձրացնելու, եթե հասարակությունն ընտրություն կատարելու իրավունքն իրացնելիս կատարելապես ձերբազատված չլինի նախապաշարումներից և ֆոբիաներից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համաում: