Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել վարկ` 30 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով: Վարկը տրամադրվում է, մասնավորապես, հետևյալ պայմաններով. մարման ժամկետ` 25 տարի, որից 14.5 տարին՝ արտոնյալ, մայր գումարի մարման եղանակ` հավասար կիսամյակային վճարումներ` կապակցված վարկի ողջ գումարի հետ,տոկոսադրույքը՝ լողացող՝ 6-ամսյա Libor + լողացող սպրեդ, պարտավորության վճար` 0.25%, հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ: Ներկայումս համաձայնագիրը գտնվում է վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցման փուլում: