«Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է.
«Մեր տեղեկություններով, շփման գոտում գտնվող Արցախի գյուղերի բնակիչները շատ գոհ են, որ կամավորականները եկել-կանգնել են իրենց կողքին։ Ասում են՝ նրանց հետ մեզ ավելի ապահով ենք զգում։ Ի դեպ, գեներալ Մանվելը ոչ միայն Հայաստանում ունի անշարժ ու շարժական հարուստ գույք, այլ նաև Ջաբրայիլում տուն, որն այս օրերին նաև շտաբի տեղ է ծառայում։ Կամավորները, գյուղացիները, կողք կողքի, երկրորդ-երրորդ «լինյա» են փորում դիրքերում՝ ուժեղացնելու պաշտպանական գիծը, նոր խրամատներ են կառուցում։
Սակայն կամավորների մեջ խուլ դժգոհություն կա սահմանում առկա անորոշության մասով, նրանք հարձակողական տակտիկայի կողմնակից են։
Անչափ ծանր են տանում ու ցավ են ապրում թեկուզ փոքր տարածքի, սակայն իրենց երբեմնի գրաված Լելե-Թեփե դիրքն ադրբեջանցիների ձեռքում գտնվելու պատճառով, ավելին, նրանց մեծ մասը հորդորում է՝ մի գիշեր, առանց ղեկավարությանն ասելու, «գրավենք-պրծնենք»։ Նրանց պատասխանում են.
«Չի կարելի, հիմա 90-ականները չեն, պետք է համբերել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: