Գյումրիում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկեց Պերմյակովի գործով դատական նիստը, որի ընթացքում ընթերցվեցին Պերմյակովի ծառայակիցներ` Դենիս Տարասովի, Անդրեյ Նիկիշինի և Ռոման Մայլցովի գտնվելու վայրերի և դատարան կանչվելու վերաբերյալ ՌԴ-ից ստացված հայտարարությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռոման Մայլցովի վերաբերյալ ռազմաբազայից դատարանին տեղեկացվեց, որ նա գտնվելու հասցեում չի եղել, իսկ ավագ լեյտենանտ Անդրեյ Նիկիշինը և Դենիս Տարասովն անձամբ էին հայտարարություն ուղարկել դատարան` նշելով, որ ընտանեկան հանգամանքններից ելնելով չեն կարող գալ Գյումրի ու խնդրում են հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները, որից հետո դատարանը որոշեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները:

Վկա Մայլցովն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ «Ռիժիկը», ինչպես ջոկատում կոչել են Պերմյակովին, ոչ մի տարօրինա կություններ չի ունեցել, նրա մոտ չեն նկատվել նաև հոգեկան խնդիրներ: Պերմյակովի անմիջական հրամանատար ավագ լեյտենանտ Նիկիշինն էլ իր ցուցմունքում նշել էր, թե ինչպես է Չիտայում ընտրել այն ծառայողներին, այդ թվում Պերմյակովին` որպես տանկի մեխանիկ: Ըստ Նիկիշինի` Պերմյակովը ոչնչով չի տարբերվել ու աչքի չի ընկել մյուսներից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատա պարտվել է 10 տարվա ազատազրկման: