Գագիկ Հակոբյանն ու Յուրի Հովասափյանն ապրիլի 2-ին N պահպանության տեղամասի դիրքի ազատագրման համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ խմբի կազմով հակառակորդին հասցրել է կենդանի ուժի զգալի կորուստներ՝ թողնելով միջդիրքային տարածքում մոտավորապես 40 դիակ և հետ շպրտել ելման դիրքեր:

Կրտսեր սերժանտ Մուշեղ Թովմասյանը, նռնակաձիգ Էդգար Գալստյանն ու գնդացրորդ Տիգրան Պապանյանը նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել այդ մարտական դիրքի պաշտպանության և ազատագրման գործողությունների ժամանակ: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի զոհվելուց հետո շարունակել են մարտ մղել հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ նրան պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Զինամթերքը սպառվելուց հետո, կազմակերպված նահանջել են մարտական դիրքի խորքը և այնտեղից օգնության հասած ուժերի կազմում անցել հակագրոհի՝ նպաստելով առաջնային գծի վերականգնմանը: Մարտերի ժամանակ ցուցաբերել են խիզախություն և արիություն: