Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, թե այս պահին առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Բայց ցանկացած կրակոց մտահոգիչ է»,- նշեց Հովհաննիսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ի վերջո երբ կհասնի ՌԴ-ի խոստացված 200 մլն վարկի զենքը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախ սպառազինության ձեռքբերումը մշտական պրոցես է, ուղղակի այդքան մասն է վարկով:
«Շատ ու շատ զինամթերք այս տարիների ընթացում ձեռք են բերվել ոչ վարկով կամ այլ միջոցներով և ամեն ինչ չի, որ պետք է հրապարակել: Զենքի ձեռքբերման պրոցեսը տևական է, գրեթե տարի չի եղել, որ մի քանի անգամ տարբեր բնույթի զենք, ռազմական նշանակության համակարգեր, որ մենք չներկրենք: Դա մշտական գործընթաց է, և միշտ կոնտեքստից դուրս մեկնաբանել միայն 200 մլն-ը՝ ես դա չեմ մեկնաբանի»,-ասաց նա:
ՊՆ մամուլի խոսնակը նշեց, թե չի կարելի մտածել, որ 200 մլն-ի զենքը մի ճամպրուկում տեղավորվելու է և մեկ օրում հասնի Հայաստան: Իսկ թե մեծ մասը այդուհանդերձ տեղափոխվել է, թե ոչ, ասաց թե չի կարող ասել:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև բանակում տիրող կոռուպցիոն երևույթների վերաբերյալ: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե լայնածավալ գործողություններ են իրականացվում: «Սկսած ռազմավարական պլանավորման փաստաթղթում արձանագրված աշխատանքներից, մինչև իսկ իրավապահ մարմինների կողմից ստուգումներ, ձերբակալություններ, և այլն»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է երգիչ Արմենչիկի կողմից զինվորներին շարելու և տոպրակներ բաժանելու դեպքին, ապա ՊՆ մամուլի խոսնակն ասաց, թե դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ-ում տեղակայված զորամասերից մեկում: «Ուսումնասիրել ենք, ԼՂՀ-ում է տեղի ունեցել, մանրամասն չեմ կարող ասել, այդտեղ որևէ քրեական, հանցավոր բան չկա, մի քիչ անփութություն է տեղի ունեցել, հրամանատարները համապատասխան նկատողություն ստացել են»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե՞ հավաստի են արդյո՞ք տեղեկություններ այն մասին, որ հեռացվել է այն հրամանատարը, ում Սամվել Ալեքսանյանը մեքենա է նվիրել, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հնարավոր է: