«168 Ժամ» թերթը գրում է.

«Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահ երկրների արտգործնախարարների, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Վիեննայում կայացել են մի շարք հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Եվ միայն ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, թեև ի սկզբանե քննարկվում էր երկու երկրների նախագահների տետ-ա-տետ հանդիպման հնարավորությունը։ Հանդիպումն ավարտվեց Երևանի ժամանակով կեսգիշերն անց։ Սակայն միայն այն հանգամանքը, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայացավ կեսգիշերին մոտ միայն, դրան նախորդած ինտենսիվ բանակցություններից հետո, վկայում է, որ անգամ այդ՝ միջնորդավորված հանդիպումը հնարավոր է դարձել բավական մեծ ջանքերի գնով։

Թե կողմերից որ մեկն է մերժել մյուս կողմի պահանջները, դժվար է ասել։ Սակայն, դատելով նրանից, որ Ալիևի հետ հանդիպմանը նախորդած բոլոր հանդիպումներում Սերժ Սարգսյանը տարբեր ձևակերպումներով կրկնել է բանակցությունների վերսկսման համար առաջադրած հայտնի պայմանները՝ հիմնական շեշտադրումը կատարելով շփման գծում հետաքննող մեխանիզմի ներդրման անհրաժեշտության վրա, կարելի է եզրակացնել, որ հայկական կողմը պնդել է այդ նախապայմանները՝ հնարավոր է՝ դրանց չընդունման դեպքում հրաժարվելով Ալիևի հետ հանդիպումից ընդհանրապես։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել երեկ Վիեննայում, հայտնի կդառնա այսօր, առաջիկա օրերին։ Ոչ միայն դիվանագիտական հայտարարություններից, այլև ղարաբաղաադրբեջանական սահմանագծի իրադրությունից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: