Թե իրականում ինչ նշանակություն ունի պառլամենտը երկրի համար՝ շատ է խոսվել, իսկ այն, որ օրենք ընդունողները պետք է լինեն պրոֆեսիոնալներ, այդ հարցի վերաբերյալ վիճելն անիմաստ է:
ՀՀ ԱԺ-ն արդեն 21 տարեկան է: Խորհրդարանում գտնվողների դեմքերին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե ապակիներ են շարված դահլիճում և տեղ-տեղ ինչ-որ արտացոլումներ են նկատվում: Գլոբալ առումով՝ մտածող պատգամավորներ գրեթե չկան: Դա է պատճառը, որ հասարակական, քաղաքական լուրջ գործընթացներին, այդ թվում ռազմավարական, չկան ադեկվատ ու հստակ արձագանքներ, սա կարելի է որակել որպես քաղաքական դասալքություն:
Պետք է ԱԺ-ն վերաիմաստավորվի և պառլամենտարիզմի ուղին բռնած երկրի համար նոր ձևաչափեր մշակվեն:
Թեզերի հետագա զարգացումը հանգեցնում է հետևյալին. պառլամենտում հրատապ կարգով թարմացում է հարկավոր, մաշված ու հեղինակազրկված մի քանի ԱԺ պլենար նիստերի ժամանակ անընդհատ «դանթած» պատգամավորները չպետք է տեղ ունենան օրենսդիրում: Իշխանական բլոկի օրենսդիր կոչվածների 85 տոկոսը նիստերի մեկնարկից րոպեներ անց լքում է օրեսդիրի տիրույթները, իսկ ոչիշխանական սեկտորը, իր «դեժուրնի» զրահակիրներին տեղակայելով իրենց դիրքերում, այս կամ այն հարցի շուրջ ստեպ-ստեպ բարձրաձայնում է որոշ խնդիրների մասին:
Կիսաքուն ու ԱԺ նիստերը ստիպված հանդուրժող մասսան ունի հստակ ծրագիր. կա հանձնարարական նախընտրական սեզոնից առաջ քաղաքական պուլսը բռնել և թեմայի մեջ մնալ՝ մինչև համապատասխան դերաբաշխումներն ավարտվեն:
Պատրաստեց՝ Արմեն Հովասափյանը