Մայիսի 17-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկի ուսումնավարժական պարապմունքներին հետևելու նպատակով այցելեց բանակի «Ասպարեզ» ուսումնական կենտրոն: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: Նորակազմ գումարտակի տղաները, հասցրել են կարճ ժամանակամիջոցում ձեռք բերել զինվորական կեցվածք, ներդաշնակվել նոր ստորաբաժանումներում, թարմացրել մարտավարամասնագիտական գիտելիքները և այժմ լիովին պատրաստ են հետագա խնդիրների կատարմանը:
Պարապմունքների ավարտին Բակո Սահակյանը անմիջական մթնոլորտում շփվեց գումարտակի անձնակազմի հետ և պատասխանեց վերջիններիս հուզող հարցերին: Հանրապետության նախագահը մասնավորապես նշեց, որ ազատամարտիկը, որպես հավաքական կերպար եղել և շարունակում է մնալ բոլորիս հպարտության խորհրդանիշն ու մեր անվտանգության կարևոր հենասյուներից մեկը:
Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընթացիկ ռազմապաշտպանական գործընթացները ուշադրության կենտրոնում պահելու համար, վստահեցրեց, որ ազատամարտիկների միությունը այսուհետ ևս պատրաստ է մնալ ու գործել հայրենիքի պաշտպանության առաջնադիրքերում: