«Վերջին օրերին Թուրքիայից 15 «ֆուռ» պոմիդոր է ներկրվել, ինչը կայծակնահար է արել Հայաստանում աճեցվող պոմիդորի շուկան։ Մեր տեղեկություններով, պոմիդորի վրա փակցրած թուրքական պիտակները Հայաստանում փոխարինվել են կեղծ հայկականով ու փորձել են տեղափոխել ՌԴ։ Վերին Լարսի անցակետում, սակայն, ռուսական կողմը հասկացել է խաբեությունը։

Բացի այդ, լաբորատոր անալիզի են ենթարկի պոմիդորը և պարզել են, որ այն մեծ քանակությամբ թունաքիմիկատ է պարունակում, ու բեռները հետ են ուղարկել։

Ներկրողները ստիպված են եղել այն իրացնել հայկական շուկայում, ինչը կայծակնահար է արել մեր ջերմոցային տնտեսությունների արտադրանքի իրացումը, ինչը առաջացրել է տեղական արտադրողների մեծ դժգոհությունը։ Այդ պոմիդորը վաճառում են 1 կգ 400-500 դրամով, մինչդեռ տեղական ջերմոցային պոմիդորի ինքնարժեքն է այդքան կազմում այն վաճառվում է 600 դրամով։ Որոշ տեղեկությունների համաձայն, ներկրվող պոմիդորը մաքսազերծված չէ, հակառակ պարագայում միայն մաքսազերծման գինը կարժենար մոտ 500 դրամ, քանի որ մաքսայինում դրա հսկիչ գինը սահմանված է 3,3 դոլար կամ մոտ 1600 դրամ։ 15 կոնտեյներ պոմիդորի մաքսազերծման արժեքը կազմում է մոտ 300.000 դոլար կամ մոտ 14,7 մլն դրամ։ Այսինքն, միայն այս մի ներկրումով պետբյուջե չի վճարվել այդքան մաքսատուրք։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, պոմիդորի ներկրողը գյուղմթերքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող և հզոր հովանավորություն վայելող խոշորագույն ընկերություններից մեկն է»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: