Նրա ուղղությամբ ցեխ շպրտելը բխում է բացառապես Ադրբեջանի և թուրքերի շահերից, և նման քայլի գնալը նշանակում է ջուր լցնել Ալիևի և Ադրբեջանի ջրաղացին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանելով ԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի մասին արցախյան հրամանատար Վահան Բադասյանի այն հայտարարությունը:
««Երկրապահ կամավորականների միության» Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, Արցախի հաղթանակի կրողներից մեկն է. նրա նման հերոսների արդյունքում մենք այսօր ունենք ազատագրված Արցախ, և, հետևաբար, նրա ուղղությամբ ցեխ շպրտելը բխում է բացառապես Ադրբեջանի և թուրքերի շահերից, և նման քայլի գնալը նշանակում է ջուր լցնել Ալիևի և Ադրբեջանի ջրաղացին»,- ասել է նա:
Դիտարկմանը, որ ասողն էլ արցախյան հրամանատար է, պակաս արժանիքներ չունի, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Ասելու ձևեր կան, հասկանո՞ւմ եք: Այսօր, եթե մենք մեր մեջ սկսենք ամեն ինչը հրապարակել… Այնպես չի, որ Բադասյանը եթե ասում է… Բադասյանը, եթե ասում է, կարող է զանգել Մանվել Գրիգորյանին, խնդրել հանդիպել, ճշտել՝ նման բան եղե՞լ է, թե չէ:
Ես էլ սրտացավ Արցախի հերոսին ասում եմ՝ հարգելի բարեկամներ, այսօր մենք չպետք է ուրախացնենք թուրքերին: Մանվել Գրիգորյանն իր տղայի հետ, 12-13 տարեկան, այնտեղ կռվել է, և հիմա 2016 թվականին նստել և ասել՝ 92-ին սենց է եղել, 93-ին էսա եղել, տարբեր հակասություններ լինեն, եթե մենք այդպես գնայինք, ուրեմն մենք պետք է Նժդեհի ու Անդրանիկի կռվի մասին խոսենք, Ռուբեն Տեր-Մինասյանի և Նժդեհի մասին, Դրոյի և Անդրանիկի տարաձայնությունների մասին, ու տենց մենք ո՞ւր կհասնենք ժողովուրդ, ո՞ւր կհասնենք այդպես»: