«Արդյո՞ք ապրիլյան պատերազմը չի խանգարել ՀՀ տնտեսական ակտիվությանը, մասնավորապես ներդրումներին: Ի՞նչ կարելի է ակնկալել Կառավարության կողմից բարձրաձայնած օպտիմիզացիայի հետևանքով կրճատումներից, ծախսերի նվազեցման հետ կապված քայլեր եղե՞լ են: Պատրաստվո՞ւմ եք հայտարարությունից հետո փոխել դրամավարկային քաղաքականությունը». այս հարցը ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին ուղղեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Պատերազմական գործողություններից հետո միջազգային շուկաների լավագույն պատկերը պայմանավորվում է եվրոպարտատոմսերի եկամտաբերության հետ կատարվող փոփոխություններով: Կարող եմ ասել, որ որևէ ձև դա չանդրադարձավ մեր եվրոպարտատոմսերի եկամտաբերության վրա, ավելին՝ ավելի շտկվեց իրավիճակը, բայց միանշանակ անդրադարձավ մեր հարևան երկրների եվրոպարտատոմսերի վրա, Թուրքիայի եվրոպարտատոմսերի վրա շատ լուրջ ազդեցություն ունեցավ ու որոշակիորեն Ադրբեջանի պարտատոմսերի վրա։ Մեր պարագայում որևէ խնդիր մենք չունեցանք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կրճատումների հարցին, ասաց, որ արդեն իսկ որոշակի քայլեր կատարվել են, որոշները ընթացքի մեջ են. «Ասացինք Կառավարության նիստի ժամանակ, որ կլինեն կրճատումներ մեքենաների հետ կապված: Համապատասխան հանձնարարականներ տրվեց նաև օպտիմալացնել աշխատակազմի քանակը և այլ տիպի ծախսերը: Երբ կունենաք կառավարության վերջնական եկամուտների և ծախսերի ծրագիրը, կունենանք 2017 թ-ի բյուջետային քննարկումը, միանշանակ հաշվի կառնենք և համապատասխան ճշգրտումներ կանենք մեր դրամավարկային ծրագրի մեջ»,- ասաց նա:
Ջավադյանի խոսքով՝ հաջորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշները բարձրացրել են և կլինի 2.4-ից մինչև 3.3-ի միջակայքում, ինչը ոչ միան օպտիմիստական, այլև իրատեսական ծրագիր է: