«168» ժամ թերթը գրում է.

«Երեկ Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել են ԵՏՄ անդամ երկրների վարչապետները, այդ թվում` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նիստը կայացել է սովորականի նման, առանց որևէ արտառոց միջադեպի, հայտարարության, բոյկոտի: Նիստի ընթացքում հնչել են բազմաթիվ հայտարարություններ ԵՏՄ-ի կարևորության, այդ կառույցն ամրապնդելու անհրաժեշտության և այլ անիմաստ երևույթների մասին:

Այն դեպքում, երբ նման հայտարարություն` գոնե դիվանագիտական ձևակերպումներով, պետք է հնչեր Հայաստանի կողմից ու Հայաստանի անունից, պետք է հնչեր՝ հանուն արդարության, հանուն արժանապատվության ու հանուն ապրիլյան պատերազմի օրերին զոհված հայ զինվորների հիշատակի: Որովհետև սա այն նիստն էր, որը պետք է տեղի ունենար ապրիլի 8-ին` Երևանում, սակայն տեղի ունեցավ Մոսկվայում, որովհետև Ադրբեջանի դաշնակից Ղազախստանի պահանջով ու Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուաստանի լուռ համաձայնությամբ՝ ԵՏՄ ղեկավարները հրաժարվեցին մեկնել Երևան` ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության:

Դա ԵՏՄ-ի հերթական նվերն էր Ադրբեջանին, որին Ռուսաստանը ցանկանում է այդ կազմակերպության անդամ դարձնել ամեն գնով, այդ թվում, ինչպես ռուսներն են խոստովանում` Լեռնային Ղարաբաղի: Եվ ահա, այդ ամենից հետո, հանուն Ադրբեջանի՝ Երևանում նախատեսված նիստը տեղափոխելուց ու մեկ ամիս անց կրկին Երևանում անցկացնելուց հետո, Հայաստանը որևէ կերպ, որևէ ելույթով չի արձագանքում մեկ ամիս առաջ տեղի ունեցածին: Որովհետև Երևանում այս նիստը բարձր մակարդակով կազմակերպելուց առաջ Հայաստանը մասնակցել է ապրիլի 8-ից մի քանի օր անց Երևանի փոխարեն Մոսկվայում կայացած նիստին, մասնակցել է ու կրկին որևէ կերպ չի արձագանքել ԵՏՄ-ի կողմից՝ հանուն Ադրբեջանի, Հայաստանի նկատմամբ արված, մեղմ ասած, վիրավորական քայլին: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար իրականում թշնամական կառույց է:

Ոչ միայն այն պատճառով, որ այդ կառույցի անդամ երկրների մեծամասնությունն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, այլ՝ որովհետև այդ կառույցում մեր ռազմավարական գործընկերը միջոցների մեջ խտրություն չի դնում Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու համար:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի համար Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու շուրջ առևտրի սակարկության առարկա է, որին ռմբակոծելու համար Ռուսաստանը նաև ծանր սպառազինություն է վաճառում այդ երկրին: Երեկ Երևանում կայացավ այն կառույցի վարչապետների նիստը, որին անդամակցելու համար նաև տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, որի պատճառով զոհվեցին հարյուրից ավելի հայ զինվորներ: Նրանք զոհվել են ընդամենը մեկ ամիս առաջ` այն պատերազմի ժամանակ, որի պատճառով ԵՏՄ ղեկավարները բոյկոտեցին Երևանը` Բաքվին չնեղացնելու համար:

Փառք ու պատիվ հայ դիվանագետներին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: