Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր՝ մայիսի 21-ին, Գառնիում էր: Նա հրահանգեց դուրս բերել ծանր շինտեխնիկան Ազատի կիրճից ու կառավարության ծրագրի դեմ բողոքող՝ Երևան-Գառնի ավտոճանապարհը փակած գառնեցիներին տեղեկացրեց, որ դադարեցվում է Քացրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի այն մասը, որով նախատեսվում էր Ազատ գետի ջուրը խողովակով հասցնել Արտաշատի գյուղեր:
«Մենք ահագին կորոստներ կունենանք այդ ծրագրի դադարեցման պատճառով, բայց ոչինչ, պիտի համակերպվենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Իսկ ինչ վերաբերում է Գեղարդալճին, որից նույնպես ծրագրով նախատեսվում է ջուրը խողովակներով հասցնել Արտաշատ, վարչապետը նշեց, որ այն դեռ պետք է քննարկվի:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հետ բողոքի ակցիայի վայր են աժամանել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը: