1-ին աշխարհամարտի պատանի հայ մարտիկները... 1916 թվականին Թիֆլիսում լույս տեսավ «Հայ կամավորները 1915-16 թթ.» ալբոմը՝ 1-ին աշխարհամարտի Կովկասյան ճակատում մարտական գործողություններին մասնակցող հայ զինվորականների նկարներով: Այս պատկերներում առկա են նաև մի քանի հայ պատանի կամավորների լուսանկարներ, որոնք պատերազմի ընթացքում կատարում էին հայկական զորագնդերի հրամանատարների համհարզների (ադյուտանտ) պարտականությունները: Ներկայացվող նկարի կենտրոնում՝ Նշան Սահակյանն է, որը տակավին 13 տարեկանում՝ 1914 թվականի դեկտեմբերին Սարիղամիշի ճակատամարտում ցուցաբերած արիության համար արժանացել էր «Գեորգիևյան խաչ» շքանշանի:

Ամեն տարի նոյեմբերի 11-ին աշխարհը նշում է 1-ին համաշխարհային պատերազմի ավարտի և զոհերի հիշատակի օրը՝ քանի որ հենց այդ օրն է 1918-ին զինադադար կնքվել հաղթանակած Անտատնի պետությունների միության (որի դաշնակիցն էր Հայաստանը) և պարտված Գերմանիայի (որի դաշնակիցն էր Թուրքիան) միջև: Մեր երկրում այդ օրը ընդունված չէ հիշատակել: 1-ին աշխարհամարտում հայերը կրեցին ծանրագույն կորուստներ, բայց Հայաստանը նաև փառահեղ հաղթանակներ է ունեցել այդ պատերազմում՝ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի ճակատամարտերը, Ղարաքիլիսայի հերոսամարտը, որոնց շնորհիվ էլ մենք ի վերջո կարողացել ենք կերտել մեր անկախ պետականությունը, իսկ Թուրքիայի պարտությունից հետո՝ ունեցել ենք նաև զգալի տարածքային ձեռքբերումներ:

Ռուբեն Շուխյան