Այսօրվա մաուլում բազմաթիվ հրապարակումներ կային այն մասին, թե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի Սահմանադրական Դատարան չդիմելու որոշումը կապված է իշխանությունների հետ հնարավոր գործարքով: Yerevannews.am-ի խնդրանքով մամուլի հրապարակումներին անդրադարձավ Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
«Ես կարծում եմ, որ հայրենասեր մարդը, երբ որ փորձում է իրավիճակը ընդհանուր առմամբ վերլուծել իրողությունը, կարող է հանգել մի եզրակացության: Այն քարոզարշավը, որ իրականանում էր մինչև Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, կարծում եմ, որ ինչ-որ մեկի մոտ կասկածի տեղիք չէր տալիս, որ ընտրությունները, երկիրը, կամ առհասարակ ընտրական պրոցեսների մասնակիցներն իրականացնում են միայն օրինականության սահմաններում և բոլորի համար ընկալելի քարոզարշավ և իհարկե, կլինեն մարդիկ ում դուրը չէր գա դա, որովհետև, երբ նորմալ իրավիճակ է, նորմալ մարդկային հարաբերություններ, շնագայլերն այստեղ տեղ չունեն և որսագողները հնարավորություն չունեն, և պարզ է, որ ամեն գնով պետք է խաթարեն»,- ասաց Աժ պատգամավորը:
Հովհաննես Սահակյանը նշեց նաև, որ այն ուժերը, ովքեր փորձում էին խաթարել ընտրական գործընթացների բնականոն ընթացքը Պարույր Հայրիկյանը դա թույլ չտվեց և հավելեց. «Նմանատիպ մարդիկ դեռևս կգտնվեն, որ կասեն ինչ-որ առևտրի գնաց, ինչ-որ և այլն, թողնում ենք իրենց խղճին»:
Պատասխանելով Yerevannews.am-ի այն հարցին, թե ընտրությունների հետաձգումը կարո՞ղ էր բարդացնել իրավիճակը,՝ Հովհաննես Սահակյանն ասաց.«Այն պահից հետո, երբ որ դու քո ելակետը գիտես՝ այս օրն է, այս ժամը, քո ուժերը, քո մարտավարությունը իհարկե կունենար որոշակի փոփոխություն»:


