ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մայիսի 21-ին ձերբակալված Վ.Մկրտչյանին մայիսի 24-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու համար։ Մայիսի 25-ի դրությամբ ստացվել է տուժողներից մեկի՝ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ նրան պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած 6 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։
Մայիսի 25-ի դրությամբ՝ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Որոշում է կայացվել ևս մեկ անձի՝ Արսեն Կարախանյանին, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: