«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երևանում միայն վերջին երկու օրերին երկու արձան բացվեց, նախօրեին Ավան համայնքում՝ մարշալ Բաբաջանյանինը և երեկ «Վերնիսաժի» այգում՝ Գարեգին Նժդեհինը։ Այդ քանդակների գեղարվեստական արժեքի շուրջ քննարկումները թերևս դեռ երկար կտևեն։ Բայց խնդիրը միայն գեղարվեստական հարթության վրա չէ։ Ավելի մտահոգիչ է այսպիսի արձաններ տեղադրելու խորքային նպատակը։ Եթե ուսումնասիրենք վերջին տարիների պատմությունը, ապա մենք, պատկերավոր ասած, զբաղված ենք արձաններ տեղադրելով ու եկեղեցիներ կառուցելով։ Ի՞նչ ենք ուզում դրանով ասել։ Եթե եկեղեցի ենք կառուցում, ուզում ենք ավելի՞ քրիստոնյա դառնալ։ Իսկ ավեփ ճիշտ չէ՞, որ այդ եկեղեցիների կառուցումը ֆինանսավորող ակնհայտ կրիմինալ տարրերը եկեղեցի կառուցելու փոխարեն ընդամենը հետևեն 10 պատվիրաններին։
Տեղադրում ենք մարշալ Բաբաջանյանի արձանը, որ խորհրդանշենք մեր՝ ուժեղ բանակ ունենալու ցանկությո՞ւնը։ Ավելի ճիշտ չէ՞ արդյոք տնտեսությունը հզորացնել ու հետևաբար ուժեղացնել բանակը։ Տեղադրում ենք Նժդեհի արձանը, որ խորացնենք մեր «ազգային էությո՞ւնը»։ Ավելի ճիշտ չի լինի որ Նժդեհին իր համար գլխավոր գաղափարախոս հռչակած ՀՀԿ-ն ուղղակի կյանքի կոչի Նժդեհի նախանշած գաղափարները… Մտահոգիչն այն է, որ եկեղեցիներ են կառուցվում ու արձաններ են տեղադրվում միայն նրա համար, որ դա խորհրդանշող նպատակների ուղղությամբ ոչինչ չարվի։ Եկեղեցի կառուցող մարդասպանն ու գողը շարունակի սպանել ու գողանալ, բանակը մնա թերհագեցված. իսկ «ազգային գաղափարախոսության» անվան տակ շարունակեն կեղեքել ու հարստահարել ժողովրդին»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: