Այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, թե ՀՀԿ խմբակցության անդամ, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի քվեարկության գաղտնիությունը խախտվել է, քանի որ վերջինս մտել է ընտրախուց, քվեարկել, բայց այն պահին, երբ ցանկացել է ծալել թերթիկը` ծրարի մեջ դնելու համար, այն ձեռքից սահել-ընկել է և մոտակայքում կանգնած դիտորդը տեսել է, որ քվերակած թերթիկը ԲՀԿ-ի օգտին է:

«Բացարձակապես դա չի համապատասխանում իրականությանը: Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում: Ես այդ դպրոց այցելել եմ ժամը 5-6 ընկած ժամանակահատվածում և ընտրատարածքում համարյա մարդ չի եղել, ոչ էլ էնտեղ ինչ-որ խառը բան կար, որ ձեռքիցս ընկներ»,-այսպես պատասխանեց Վոլոդյա Բադալյանը YerevanNews.am-ի հարցին:

Նշենք, որ Վոլոդյա Բադալյանը տեղյակ չէր այս ամենի մասին, և երբ լսեց մեր հարցը սկսեց ծիծաղել:

«Բացարձակապես, իմ ձեռքից ո ՞նց կարող էր ընկնել (ծիծաղում է. YN):Ես մտել եմ քվեախցիկ, քվեարկել եմ, դրել եմ ծրարի մեջ և գցել եմ քվեատուփի մեջ: Ես ու կինս ենք եղել: Ո ՞նց կարող է նման բան պատահել, իսկ թե ում օգտին եմ քվեարկել, դա արդեն իմ ներքին խնդիրն է, բայց, համենայնդեպս, իմ ձեռքից քվեաթերթիկ չի ընկել, և ոչ ոք էլ չէր կարող տեսնել, իսկ թե ինչի են գրել և ինչ նպատակներ ունեն, դա էլ իրենց խնդիրն է»,-YerevanNews.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Վոլոդյա Բադալյանը: