Հալեպում դարձյալ հրթիռակոծվել է «Վերժին Գյուլբենկյան» հիվանդանոցը, որի շենքում այժմ տեղակայված է հայկական ծերանոցը։
Միջադեպի հետևանքով հայուհի է մահացել, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը։
Արդեն երկու օր է՝ զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակում են հրթիռակոծել Հալեպի Նոր գյուղ հայաշատ թաղամասը և հատկապես այն փողոցը, որտեղ գտնվում է ծերանոցը։
Քիչ առաջ հրթիռ է ընկել ծերանոցի շենքի վրա, որի հետևանքով զոհվել է ծերանոցի աշխատակիցներից մեկը՝ Մարալ Քյուլլիկյանը։ Վիրավորվել են չորս աշխատակիցներ և ծերանոցի հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Շաքարյանը։ Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ։
Շենքը զգալի վնասներ է կրել։
Նոր գյուղի շտապօգնության հայ կամավոր տղաներն օգնության են հասել և ծերանոցի տարեց բնակիչներին տեղափոխում են շենքի համեմատաբար ապահով հարկեր։