Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի գլխավոր նախասրահում կայացավ «Բազմազանության ուժը» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդեսը, որի ողջ հասույթն ուղղվելու է «Ռաունդ Սքուեր» ասոցիացիայի (որի լիիրավ անդամ է նաև Հայաստանը) հոգաբարձուների խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայի արքայազն Ալեքսանդրի բարեգործական հիմնադրամին: Վերոնշյալ հիմնադրամը զբաղվում է աշխարհի հեռավոր և խոցելի համայնքներում կարևորագույն նշանակության այնպիսի խնդիրների լուծմամբ, ինչպիսիք են դպրոցների, խաղահրապարակների կառուցումն ու վերանորոգումը, խմելու ջրի ջրագծերի անցկացումը:
Կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների սաների մասնակցությամբ միջոցառման շրջանակներում ներկայացվեցին աշխարհի տասը երկրների` Հայաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Արգենտինա, ԱՄՆ, Ճապոնիա, Վրաստան, Հնդկաստան, Իտալիա և Միացյալ թագավորություն, մշակութային ավանդույթները` երգ, պար, խոհանոց:
Ճեմարանականների խոսքերով` նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս իրենց հասակակիցներին բացահայտելու նախընտրած երկրի մշակույթը և այն կրեատիվ մտածողությամբ ներկայացնել ցուցահանդեսի այցելուներին:
Նշենք, որ ցուցահանդեսին ներկա էր Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան Կենիչիրո Սասանեյը, ում գնահատմամբ` հայ պատանիների աչքերով ներկայացված գունագեղ ցուցահանդեսն իսկապես հաջողված էր: