«Վերջին մեկ կամ երկու տարիների տվյալներ ունե՞նք, թե այդ կառույցի կողմից վարկային ռեսուրսներ տրվելով, ի՞նչ տնտեսական արդյունք ենք արձանագրել»,- ասաց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ հարց ուղղելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին:
Նշենք, որ խոսքը գնում է ՓՄՁ-ների աշխատանքը համակարգող կառույցի՝ ՓՄՁ ԶԱԳ-ի (զարգացման ազգային գրասենյակ):
«Թվերը պատկառելի են, ու վարկային միջոցներն ուղղվել են հիմնականում մարզեր՝ 94%-ը։ Սակայն գնահատման տեսակետից խնդիր ունենք. ՓՄՁ-ների առանձին վիճակագրական հաշվառման աշխատանքներ չեն իրականացվում, ինչի արդյունքում թվերը, փաստորեն, կարող են խեղաթյուրվել: Կարիք կա նոր մոտեցումներ որդեգրելու, եթե հնարավոր չէ ԱՎԾ-ի մեխանիզմների միջոցով հասնել, պետք է օգտագործել հնարավոր տարբերակները, հաշվառման համակարգ ներդնելու համար, որ տեսնենք, զգանք, որքան է ՓՄՁ-ների աշխատանքը»,- պատասխանեց նախարարը:
Նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը արձագանքեց՝ ասելով. «Պարոն Մինասյան, մենք Ձեր պրոֆեսիոնալիզմի վրա չենք կասկածում, Դուք էլ մերը մի կասկածեք: Կատարված գործի մասին խոսեք, տեսլականների մասին պետք չէ խոսել: 2015-ին արդյունավետության խնդիրն ու չափման միավորը ներկայացրեք»: