Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանցագործության մասին տասնյակ հաղորդումներ է պատրաստում` ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմումների քննության ընթացքում հայտնաբերված հանցակազմ պարունակող բազմաթիվ փաստերի առիթով: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հաղորդումները կներկայացվեն դատախազությանը` քրեական գործեր հարուցելու եւ օրինախախտներին քրեական պխատասխանատվության ենթարկելու պահանջով: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, վերահաշվարկի եւ որոշ տեղամասերում Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները անվավեր ճանաչելու իրենց դիմումների գլխավոր նպատակը հենց հանցագործությունների մասին ապացույցներ ձեռք բերելն է եղել:
«Իշխանական քարոզչությունը փորձում է աղավաղել վերահաշվարկի մեր դիմումների իմաստը: Մենք վերահաշվարկի չենք դիմել նրա համար, որ որեւէ ձեւով փոխենք ընտրության արդյունքները: Մենք հարյուր տոկոսով վստահ ենք, որ եւ բազմակի քվեարկողները, եւ կաշառված ընտրողները ֆիզիկապես ներկայացել են եւ քվեարկել են այնպես, ինչպես պետք է Հանրապետական կուսակցությանը, եւ մենք հասկանում ենք, որ զուտ վերահաշվարկը որեւէ փոփոխություն չի մտցնի: Վերահաշվարկի դիմելու մեր նպատակը այլ է` ապացույցներ ձեռք բերել եւ հանրությանը ներկայացնել այս լայնածավալ հանցագործության մասին: Ապացույցներ առ այն, որ նախ` եղել են բազմակի քվեարկություններ, երկրորդ` կաշառված կամ ահաբեկված ընտրողներին վերահսկել են, որ նրանք գնան եւ քվեարկեն իշխող ռեժիմի ուզած ձեւով: Վերահաշվարկը դա մի հնարավորություն է, որ մենք կարողանանք ծանոթանալ մատյանների հետ, թե ով է քվեարկել (ինչն այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ պահում են մատյանների գաղտնիությունը), քաղվածքներ անել եւ հետո համեմատել իրական պատկերի հետ», - ասաց Զուրաբյանը` ընդգծելով. - «Եվ ես կարող եմ ասել, որ մեր ռազմավարությունը տալիս է լուրջ արդյունքներ. Օրինակ, Ավանում մենք պարզել ենք, որ 15 մարդ, որոնք նշված են մատյանում որպես քվեարկած, հաշվառված են մի հասցեում, որը գոյություն չունի: Ավելի աղաղկող փաստ նույն ընտրատեղամասում` պարզվում է, որ ոստիկանության կողմից հրապարակված ցուցակը եւ մատյանի ցուցակը իրար հետ չեն համընկնում: Արձանագրել ենք նաեւ բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ քվեարկել են ուրիշների փոխարեն: Արձանագրել ենք դեպքեր, որ հանձնաժողովների նախագահները, դուրս գալով իրենց լիազորություններից, փաստորեն, արտոնել են մարդկանց առանց անձնագրերի քվեարկություններ, ընդ որում` իրենք էլ հենց գրառումներ են արել այդ կապակցությամբ մատյանում: Գրված է, որ հանձնաժողովի նախագահը արտոնում է, իր ստորագրությունն էլ դրված է… Սրանք բաներ են, որ երբեք չէին բացվի, եթե մենք չդիմեինք վերահաշվարկի: Այսինքն` այդ մարդիկ ուղղակի պետք է բանտ նստեն»:
ՀԱԿ-ը վերահաշվարկի եւ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումներ էր ներկայացրել երեք տասնյակ տեղամասերի վերաբերյալ: Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելուց բացի այս քաղաքական ուժը պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան: