Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Քննչական կոմիտեն այլ մանրամասներ դեռևս չի հրապարակում։
Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Հայաստանի Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: «Կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետ Դավիթ Աբրահամյանը, ընդգրկված լինելով նույն վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում, շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և կազմակերպել կնքված պայմանագրին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքների ու սարքավորումների ընդունումը հանձնաժողովի կողմից, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ», - ասված էր հաղորդագրությունում: