Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Շախմատի վետերանների Եվրոպայի 16-րդ առաջնությունը: Ինչպես «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը, հունիսի 4-ից 14-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի Շախմատի վետերանների Եվրոպայի 16-րդ առաջնությունը:
Մրցաշարին, որը տեղի կունենա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, մասնակից կլինեն 20 երկրներից շուրջ 100 շախմատիստներ: Այն կանցկացվի երկու տարիքային խմբերում՝ 50-65 տարիքային խմբում և 65 տարեկանից բարձր։ Այն ընթանալու է շվեյցարական համակարգով և տևելու է 9 օր:
Ինչպես ընդգծում է Մ. Անդրիասյանը, պայքարը բարդ է լինելու, քանի որ առաջնությանը մասնակցելու են աշխարհի 5-րդ չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլին, հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, միջազգային գրոյսմաստեր Կարեն Մովսիսյանը և Եվրոպայի գործող չեմպիոն Զուրաբ Ստուրուան։
«Հայաստանում մրցաշարն անցկացնելու որոշումը կայացել էր դեռևս 2015 թվականին, որի կազմակերպչական հարցերով զբաղվել ենք մոտ հինգ ամիս։ Մրցաշարը կանցկացվի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը»,- հավելեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ Եվրոպայի վետերանների շախմատի առաջնությունից հետո Ջերմուկում կմեկնարկի Կարեն Ասրյանի 5-րդ մրցաշարը, որը բաց է լինելու, և ցանկացողները կարող են մասնակցել։