ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծի ընդունումը:

Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում:

«Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու և դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը: Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին նշել է, որ բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով: Էդելգարդ Բուլմահնը կարևորել է պատմության հետ առերեսվելու և պատմության խորքից իրողությունների վերհանման և խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը: