«Մեզ ի՞նչ՝ ռուսական ռազմաբազայում ինչ զենքեր կան: Ռուսաստանն ինքը կորոշի՝ էդ զենքն ինքը կօգտագործի Հայաստանը պաշտպանելո՞ւ, թե Հայաստանը ծնկի բերելու համար։ 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ամենևին էլ ոչ միայն անհավանական չի, այլև շատ հավանական է, որ այդ Ռուսաստանի համաձայնագրերով մենք կեղծ պատրանք են ստեղծում և ըստ էության հրաժարվում ենք մեր ինքնիշխան ՀՕՊ-ը և ընդհանրապես անվտանգության համակարգն ուժեղացնելուց»,- այս մասին այսօր «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանում տեղակայված ՀՕՊ համակարգերը կառավարելիս խաղաղ ժամանակ Հայաստանը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ պատերազմական իրավիճակում՝ Ռուսաստանի հետ միասին:
Նա նաև ավելացրեց. «Փոխանակ մեր հետախուզական ծառայությունը ուժեղացնեն, սենց պայմանագրեր ես ստորագրում, թե Ռուսաստանը մեզ հետախուզական տվյալներ է տալու. տվեց, բա չտվե՞ց: Ապրիլին տեսանք ոնց սխալ տվյալներ տվեց: Մենք անվտանգության փուչիկ ենք ստեղծում: Սա անթույլատրելի է, ես դեմ եմ քվեարկելու: Արդեն հոգնել ենք, երբ աչքով-ունքով հասկացնում են, թե գաղտնի բաներ կա: Էդ փուչիկը պայթեց ապրիլին, ոչ մի գաղտնի բան էլ չկա:
Պետք չի լացացնել: Որ մի հատ լավ թափ տաք իշխանության ներկայացուցիչներին, կարող է մի քանի «Սմերչեր թափվեն» նրանց հետևից»: