Մի օձունեցի քաղաքից հարս է բերում (քաղաքից ասելով լոռեցիք ի նկատի ունեն ոչ լոռեցի, հիմնականում Երևանը և շրջապատը), դե նորահարսն էլ, ինչպես և կանխատեսելի էր, Լոռվա բարբառից բացարձակ անտեղյակ: Ամուսնու եղբայրներից մեկը, հորեղբոր տղայի հետ որոշում են հարսին մի քիչ «ձեռ առնել» ու մի օյինբազություն են ծրագրում:
Տղաներից մեկը ձեն ա տալիս հարսին թե. «Վարդուհի ջան Վարդուհի, կուպցին հուջրումն ա լա մին բի»: Խեղճ հարսը փորձում է տրամաբանության շրջանակներում հնարավոր ամեն կերպ գտնել վերոնշյալ այդ անիծյալ «հուջրեն»: Մոտ կես ժամ տան մեջ անիմաստ պտտվելուց հետո խեղճացած ու շվարած նայում է օյինբազներին:
Իսկ տղաներն անամոթաբար քրքջում էին: Վարդուհին հետո միայն, ավելի ուշ պետք է իմանար, որ խոսքը պահարանի դարակի մասին էր:
Հ.գ. Լոռեցիք ժլատ, գծուծ ու անըկեասեր մարդուն ասում են «հուջրըմը հաց ուտող»:
Պատրաստեց՝ Արմեն Հովասափյանը