Ոստիկանապետի նախկին տեղակալ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատ բուռն սկսվեց 2013թվականը` նախագահական քարոզարշավ, ընտրություններ, հետընտրական զարգացումներ…Մի փոքր լարված, մի փոքր` կիսաբուռն իրավիճակ, անհասկանալի, իրարամերժ, հաճախ ինչ-որ խորհրդավորությամբ կամ գուցե պարզամիտ դրսեւորումներով ու հիմար վարքագծով պայմանավորված իրավիճակներ:
Երեւանի ավագանու` քաղաքապետի ընտրությունների քարոզարշավ, ծրագրերի, լուրջ խնդիրների, աշխատանքների փոխարեն` վարկաբեկիչ տվյալներ, հայհոյանք, լուտանք ու պարսավանք…Իհարկե ընտրություններ, հետընտրական հիասթափություններ, ռեալ իրականությունը չգնահատելու անընդունակություն, պարտությունների արդարացման, պատճառները այլոց վարքագծով պայմանավորելու դիրքորոշում, հաղթանակի հրճվանք եւ օրինախախտ, անտեղի ու անհամեստ հրավառություններ…
Քարոզարշավներ, ծրագրեր, խնդիրներ, վարկաբեկումներ, շատ-շատ, լիքը-լիքը խոստումներ, <<նոր>> կառավարություն, <<նոր>> վարչապետ…
Անցավ այդ ամենը, անցավ ապրիլի 24-ը, մայիսի 1-ը, 9-ը…
Վերջ…Հետո?...
Հետո այն, պարոնայք Կառավարության անդամներ, որ ձեզ արձակուրդ չկա, մոռացեք արձակուրդի մասին…Այն, որ ուշացել եք, երեկվանից` թեւներդ քշտած դուք պետք է սկսեիք լրջորեն զբաղվել ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրերի, հանրապետության առջեւ ծառացած լուրջ, բարդ, դժվար խնդիրների իրագործման աշխատանքներին: Անհրաժեշտ է արագ մշակել իրական ծրագիր, առանց էկլեկտիկայի սկզբունքի, առանց այստեղից-այնտեղից թխելու, ձեւական, աչք փակող, ժամանակ շահելու նպատակով իրականացվող ծրագրեր մշակելու պրակտիկայի…Անհրաժեշտ է կոնկրետ, իրական աշխատանքներ, կոնկրետ ժամկետներով, կոնկրետ պատասխանատուներով, ամենօրյա հսկողությամբ, կադրային ազնիվ, նվիրված, պետական մտածողությամբ, անկաշառ ռեզերվի նախապատրաստմամբ եւ իհարկե արագ փոփոխմամբ…Առանց խնամի, ծանոթ, ընկեր, բարեկամ հասկացողության…Հաշվի առնելով անպայման մյուս կուսակցությունների, ընդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների առաջարկները, քննադատությունները, քաղաքացիների սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը…
Հարկավոր է սկսել արագ, անհապաղ, առանց հիասթափեցնելու, առանց գռփելու, շորթելու, առանց <<ատկատների>>, կաշառքի ու կոռուպցիայի…Վերանայել նախարարությունների, վարչությունների ուռճացված, անձերով պայմանավորված կառույցների կրճատման, վերացման, օպտիմալացման անհրաժեշտությունն ու արդիականացման խնդիրները: Նախարարների անհաշիվ տեղակալների, նախարարների, նրանց տեղակալների , խորհրդականների, օգնականների, նրանց քարտուղարուհիների, քարտուղարուհիների օգնականների, անհաշիվ վարորդների ու ծառայական մեքենաների նպատակահարմարությունը: Մի խոսքով լծվել աշխատանքի, իրական, տեսանելի, թափանցիկ, շոշափելի…Այլապես ուշ կլինի, քանի որ անհնար է այլեւս այսպես շարունակել…
Իսկ ոչ իշխանամետ կուսակցությունները, քաղաքական ուժերը, գործիչները քննադատելուց, բամբասելուց զատ, լավ կլիներ օգնեին, օժանդակեին` հանուն Հայրենիքի, հանուն մեր պետության կայացման, հանուն ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման, նրանց ապրելակերպի բարելավման: 
Ինչպես?...Նախ երկուստեք` իշխանություն-ընդիմություն բարի կամքի դրսեւորմամբ, առանց ամբիցիաների ու առանց թույնի, ձեռք-ձեռքի տված…Ճանապարհը, համագործակցության ձեւերը մտածեք ինքներդ, չէ որ դուք դրա հնարավորությունն ու ներուժն ունեք…
Բարի համագործակցություն ձեզ…»