ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Արսեն Խանամիրյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել տաքսի ծառայության նախկին աշխատակից Վ.Վերանյանին:
2016թ. հունիսի 01-ին Երևան քաղաքի «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արսեն Համլետի Խանամիրյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի միջկողային շրջանի և ձախ ենթակողային շրջանի կտրած-ծակած վերքով, ով հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ա.Խանամիրյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
Նախնական քննության տվյալներով՝ տուժողն ու առերևույթ հանցագործություն կատարած անձը միմյանց ճանաչել են 2012 թվականից, երբ վերջինս որպես վարորդ աշխատանքի է ընդունվել այն տաքսի ծառայությունում, որի տնօրենն էր հանդիսանում Ա. Խանամիրյանը, և շուրջ 6 ամիս աշխատել միասին։ Հետագայում անձնական հարցերի շուրջ նրանց միջև ձևավորվել են ոչ բարիդրացիական, լարված հարաբերություններ։
2016 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նար-Դոս և Վարդանանց փողոցների հատման մասում հանդիպելով միմյանց՝ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Վ.Վերանյանը պարզաբանումներ է պահանջել իր վերաբերյալ տարածած լուրերի համար։ Նախնական տվյալներով՝ վերջինս նախ մահակով է հարվածներ հասցրել նրան, ապա՝ դանակով։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է։
Քրեական գործի նախաքննութությունը շարունակվում է: