Թումանյան 21 հասցեում իր դռներն է բացում Երևանի կոնյակի, գինու, օղու կոմբինատի կոլեկցիոն կոնյակների և գինիների առաջին մասնագիտացված ֆիրմային խանութը: Հայկական լեգենդար խմիչքների սիրահարներն այստեղ կարող են գտնել մայր գործարանի ամբողջ տեսականին: Խանութի բացմանն, ի թիվս այլ հյուրերի, ներկա էր «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Երևանի կոնյակի, գինու, օղու կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Խանութ-սրահում ներկայացված խմիչքի բացառիկ տեսականին «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիրը նախևառաջ նվիրել է գործարան այցելած պատվավոր հյուրերին:
Երկհարկանի սրահում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում կոմբինատի գլուխգործոց «Նոյ 30» և «Նոյ 50» տարի հնեցմամբ կոնյակները, որոնց պաշտոնական շնորհանդեսը կայացավ նախորդ ամիս՝ աշխարհի հարյուրավոր երկրներից ժամանած հյուրերի մասնակցությամբ:
«Ինձ համար ամենակարևորն այն է, որ Հայաստանն ունի նոր այցեքարտ կոնյակագործության մեջ: Հայկական կոնյակն ամբողջ աշխարհում ճանաչված խմիչք է՝ համը, հոտը, բայց ամենակարևորը՝ մենք չենք կարողացել ներկայացնել խմիչքն այս տեսքով: մենք մեծ աշխատանք կատարեցինք և կարողացանք ստեղծել խմիչք, որը մրցակից է աշխարհի լավագույն կոնյակներին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: