ԿԸՀ-ն արդեն հայտարարել է Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքները, սակայն, գլխավոր քաղաքական ինտրիգը, կհրաժարվե՞ն ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց մանդատներից, թե՞ ոչ, շարունակում է առկախ մնալ:

Այս հարցում նախադեպը ստեղծվեց 2009թ-ին, երբ ՀԱԿ դաշինքը, հայտարարելով Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրությունների արդյունքները չընդունելու եւ դրանց օրինականությունը վիճարկելու մասին, հրաժարվեց իր 13 մանդատներից:

Երեւանի ավագանու այս տարվա ընտրություններում համապատասխանաբար 17 եւ 6 մանդատ ստացած ԲՀԿ-ն եւ «Բարեւ Երեւան» դաշինքը, առայժմ, հստակ հայտարարություն չեն արել մանդատները վերցնել-չվերցնելու իրենց դիրքորոշման շուրջ:

Այդուհանդերձ, «Փաստինֆո»-ի խնդրանքով, գնահատելով, իրենց գործընկեր ընդդիմադիր կուսակցությունների հնարավոր դիրքորոշումը, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը մասնավորապես ասաց. «Որեւէ առանձնահատուկ վերաբերմունք չկա, կմասնակցեն նորմալ է, չեն մասնակցի էլի նորմալ է, իրենք պիտի որոշեն»:

Հիշեցնենք, 2009-ի ընտրություններից հետո ՀԱԿ դաշինքը հայտարարել էր, թե մանդատներ վերցնողները «դավաճաններ» են: Այս անգամ Կոնգրեսում վերաբերմունքն ավելի լոյալ է:

«Ճիշտ չեմ գտնում 2009-ի հետ համեմատելը, ի վերջո մենք քաղբանտարկյալներ ունեինք»,- մեկնաբանելով կուսակցության վերաբերմունքի փոփոխությունը, նշեց Վահագն Խաչատրյանը, հիշեցնելով, որ 2009-ին հնչած կոշտ գնահատականների պատճառներից մեկն էլ Մարքսիստական կուսակցության առաջնորդի հետ կապված պատմությունն էր:

Հիշեցնենք, 2009-ին ՀԱԿ դաշինքի նախընտրական ցուցակի 22-րդ հորիզոնականը զբաղեցնող Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը հայտարարել էր, թե չի պատրաստվում հրաժարվել մանդատից եւ խիստ քննադատության ենթարկել ՀՀՇ ղեկավարությանը:

Վերադառնալով ներկայիս իրավիճակին, Վահագն Խաչատրյանը նշեց. «Հիմա մեր գործընկերները իրենք պիտի որոշեն մասնակցեն, թե չմասնակցեն»,- բայց եւ խորհուրդ տվեց հաշվարկել իրենց ուժերը. «Եթե մտնում են, քաղաքական գործունեություն պիտի ծավալեն քաղաքապետարանում, իրենք պիտի հաշվարկեն դրանով ինչի կհասնեն, կամ ինչի չեն հասնի»: