Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն վեցերորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցին հարակից հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից նախաձեռնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, ովքեր սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է շուկայի պայմաններին և զրուցել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև գնորդների հետ:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Երևանի քաղաքապետն, առանձնակի կարևորելով մայրաքաղաքում նման շուկաների գործունեությունը, նկատել է, որ նախաձեռնությունն իսկապես կարևոր էր ու անհրաժեշտ:
«Տարիներ առաջ, երբ նախաձեռնությունը նոր էր, շատերը թերահավատ էին դրա շարունակական լինելուն: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ տոնավաճառները ոչ միայն ապացուցեցին իրենց անհրաժեշտությունը, այլև տարեցտարի ավելի ու ավելի շատ տնտեսություններ ներգրավվեցին: Միայն անցյալ տարի մայրաքաղաքի երկու բանուկ հատվածներում՝ այստեղ և Մաշտոցի պողոտայի հարակից հատվածում, կազմակերպված տոնավաճառներին ավելի քան 15 հազար գյուղացիական տնտեսություն է մասնակցել: Այսպիսի տոնավաճառներ կազմակերպելով` միաժամանակ մի քանի խնդիր ենք լուծում: Նախ, մեր գյուղացիներն ու գյուղացիական տնտեսությունները լրացուցիչ հնարավորություն են ստանում մայրաքաղաքի բանուկ հատվածներում, առանց միջնորդի ու միջնորդավճարի իրացնելու սեփական արտադրանքը: Բացի այդ, մայրաքաղաքի բնակիչներն էլ իրենց հերթին են կարողանում, ինչպես ասում են, «առաջին ձեռքից» թարմ և որակյալ գյուղմթերք գնել», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է քննարկել տոնավաճառների համար նոր տարածքներ հատկացնելու հարցը ևս:
«Տեղյակ եք, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, հիմնական շուկաներից բացի, վերջին տարիներին մենք բազմաթիվ փոքր շուկաներ կազմակերպելու հնարավորություններ ենք ստեղծել, որտեղ գյուղացիները ամեն օր կարող են իրացնել իրենց արտադրանքը: Դրանց թիվը նույնպես, ըստ անհրաժեշտության, մենք պատրաստ ենք ավելացնել: Եվ վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստ է աջակցելու գյուղմթերք արտադրողներին՝ իրենց արտադրանքը քաղաքակիրթ պայմաններում իրացնելու հարցում», - նշել է քաղաքապետը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ նշել է, որ մանրածախ առևտրի կազմակերպման այս մշակույթը, իրոք, կայացել է:
«Արդեն վեցերորդ տարին է, ինչ մայրաքաղաքում կազմակերպվում են գյուղմթերքի տոնավաճառները, սա նոր մշակույթ էր մեր մանրածախ առևտրի ոլորտում, և այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ այն կայացել է: Շատ գյուղացիական տնտեսություններ տարիներ շարունակ զրկված են եղել իրենց արտադրանքը վաճառելու հնարավորությունից, իսկ այս տոնավաճառների շնորհիվ նրանք հնարավորություն են ստանում անվճար հիմունքներով իրացնելու սեփական գյուղմթերքը, ինչը հավասարապես շահավետ է թե գյուղացիների, թե քաղաքաբնակների համար, ովքեր այստեղ մատչելի գներով թարմ արտադրանք են ձեռք բերում», - իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Երևանի քաղաքապետն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև գնումներ են կատարել տոնավաճառից:
Հարկ է նշել, որ գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ: Իսկ տոնավաճառին մասնակցությունը թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: