Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հերթական անգամ հայ ժողովրրդի բոլոր հատվածները՝ զինված ուժերը, քաղաքական ուժերը, հասարակությունը ցուցաբերեցին անկախության և պետականության համար պայքարելու հաստատակամություն: Տալով ցավալի զոհեր, մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց իր ոգու ուժը: Սակայն առաջին դեպքը չէ, երբ նմանատիպ իրադարձություններից հետո հրապարակ են գալիս արդեն իսկ իրենց դարը ապրած անձինք, որոնք իրենց են վերագրում զինված ուժերին և կամավորական ջոկատներին գնահատական տալու իրավունքը: Ոչ վաղ անցյալում եռագույնը ծածանող հայ երիտասարդների հայրենասիրական մղումները ուղղորդել փորձող «ղոչաղի զորահրամանատար» Պարույր Հայրիկյանը այս անգամ էլ «մասնագիտական վերլուծության» գոհարներ է շաղ տալիս:
Պարզվում է, որ, ըստ Պարույր Հայրիկյանի պայծառատեսության, Հայաստանի Հանրապետությունը բանակ չունի: Պարզապես ունենք հիանալի զինվորներ և հրամանատարներ, բայց ոչ բանակ: Հարց է ծագում, իսկ որտեղի՞ց հանկարծ հայտնվեցին Արցախում մարտնչած և հակառակորդի գերակշիռ ուժերին ջախջախած մեր ստորաբաժանումները: Գուցե հայկական բանակի կառուցվածքը և մարտավարությունը պետք է համապատասխանի Լաչինում աիմավան կառուցած իր բդեշխական պատկերացումների՞ն: Այդ դեպքում պարոն Հայրիկյանը պետք է չվրդովվի, եթե վաղը որևէ պատահական մարդ հայտարարի, թե Ազգային ինքնորոշման միավորում չի եղել և չկա, այլ դրա փոխարեն եղել են միայն «հերոսաբար մարտնչած աիմականներ»:
Զազրախոսելու փոխարեն պետք էր պարզապես ինչպես քառօրյա պատերազմի օրերին, այնպես էլ հարաբերական խաղաղության պայմաններում փորձել ինչ-որ կերպ օգտակար լինել հայոց բանակին և հայ ժողովրդին:
Հեղինակ՝ Վարդան Ավետիսյան