Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը ընդհատել է դատական նիստը եւ հրավիրել շտապօգնության բժիշկներին: Այսօր շարունակվում էր «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու՝ Յուրա Սրապյանի սպանության գործով մեղադրյալներ, «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանի եւ նրա որդու՝ Հակոբ Աբաջյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հակոբ Աբաջյանը դեռ չէր ավարտել իր ցուցմունքը, նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի հարցի՝ «ինչպե՞ս ես ցույց տվել Յուրիկի դիակի վայրը» ժամանակ վատացավ՝ հասցնելով պատասխանել. «ինձ բերել, կանգնեցրել են փոսի մոտ, մեզ սպասում էին (նկատի ուներ ոստիկաններին): Նրանք սկզբից մինչեւ վերջ ինձ թելադրել են…»: Ապա ամբաստանյալը ասաց, որ սրտի հետ կապված խնդիր ունի, ինչի պատճառով ընդհատվեց դատական նիստը: 

Այս մասին տեղեկացնում է` aravot.am-ը: