Հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալներից 26-ամյա Խաչիկ Կոսյանի կինը՝ Տաթև Չիչոյանը Facebook-ի իր էջում անդրադառնալով միջադեպին, գրել է.

«Ինչպես բոլորը, այնպես էլ ես և իմ հարազատները հասկանում և ընդունում ենք, որ շատ ցավալի բան է տեղի ունեցել, մտնում ենք մահացածի հարազատների դրության մեջ, բայց պետք չէ միանգամից հավատալ սուտ տեղեկություններին, քննադատել տղաներին, վիրավորելով նաև մեզ: Ոչ ոք ապահովագրված չէ նման դեպքերից, Աստված մի արասցե, յուրաքանչյուրի ընտանիքում էլ կարող է նման դեպք պատահել: Կոչ եմ անում իմ ընկերներին և բոլոր ծանոթ ու անծանոթ մարդկանց, որ չվստահեն սուտ տեղեկություններին ու չքննադատեն մեզ, քանի որ ոչ ոք չգիտի իրականությունը, ինչ է եղել կռվի պատճառը, ով է հանդիսացել կռվի հրահրողը և ինչպիսի հանգուցալուծում է ստացել այն:

Տղաները մարդասպան չեն, ոչ ոք չգիտի, թե ինչ հանգամանքներում է վրա հասել այս մարդու մահը, ուստի խնդրում և հորդորում եմ մինչև քննության ավարտը ոչ ոք իրեն դատավորի և Աստծո տեղ չդնի և չփորձի անմեղ մարդկանց մարդասպաններ և նմանատիպ այլ արտահայտչություններ որակել, իսկ այն մարդիկ, որոնք վաղուց սպասում են իմ ընտանիքում որևէ դժբախտության և հիմա ուրախանում են այս դեպքով, միաժամանակ like ու share անելով լրատվական կայքերի խեղաթյուրված տեղեկությունները, թող բարի լինեն իրենց իսկ կամքով ջնջել իրենց իմ ընկերների ցանկից, ձեր ամեն մի նմանատիպ քայլը ինձ և իմ ընտանիքին ցավ է պատճառում: Փորձեք հասկանալ և մտնել նաև մեր դրության մեջ: Հավելեմ, որ ես չեմ եղել դեպքի վայրում և այս պահին ձերբակալված է դեպքի հետ բացարձակ կապ չունեցող անմեղ մարդ՝ ամուսինս»:

Նշենք, որ սպանության մեջ մեղադրվող մյուս տղան՝ 23-ամյա Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի կնոջ եղբայրն է: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր: