«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովը կառավարության նիստերի դահլիճում երեկ արտագնա նիստ էր հրավիրել: Նախօրեին տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է հայտնվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խոշորացնել համայնքները: Համայնքների խոշորացում նախատեսվում է Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի 118 համայնքներում, որի արդյունքում կստեղծվի 15 փունջ համայնք:

Բազմաթիվ գյուղապետեր, սակայն, դեմ են սույն նախագծին: Գյուղապետերից մի քանիսը երեկ բարձրաձայնեցին իրենց դժգոհությունը, այդ թվում Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը:

Արտագնա նիստին ներկա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր ղեկավարած մարզում արդեն իսկ որոշ համայնքներ խոշորացվել են և դրանում դրական միտում է տեսնում:

Այդ դեպքում ինչո՞ւ են դժգոհում ձեր մարզի այն համայնքների ղեկավարները, որոնց ղեկավարած գյուղերը պետք է խոշորացվեն հարցին մարզպետը պատասխանել է. «Ինձ թվում է՝ նորամուծություն է և դրա համար դժգոհում են: Արի գնանք Դիլիջան, հենց այնպես չեմ ասում, մենք ծանոթ չենք, իմ խոսքն էլ խոսք է: Եկեք գնանք Դիլիջան՝ տեսնենք ինչից են դժգոհում: Այնպես չի, որ 6 ամսում, մի տարում խոշորացրեցին և վերջ, զարգացում եղավ: Այդ գործընթացը գնում է, կարևորն այն է, որ դրական է»:

Իսկ եթե դժգոհող գյուղապետերը բողոքի ալիք բարձրացնեն… Մեկն էլ հենց նոր խոսեց՝ մեր թղթակցի նկատառմանը Աբովյանն արձագանքել է. «Գյուղապետ է խոսում է, ես ինչ անեմ: Այս գյուղապետը չի կարողանում իր աշխատողի աշխատավարձը տա, չի հասկանում, «Дурак» լակոտ ա: Պաշտպանության նախարարությունն ամեն տարի իրենց ամբողջ գյուղի հոսանքի փողը տվել է, ամբողջ գյուղի փողը վճարել է Օհանյան Սեյրանը: Տվել է տարբեր ձևի տեխնիկա՝ Ուրալ և այլն: Ամեն գյուղացու երեք հատ ոչխար բաժանեցին, մի ամիս հետո սաղ ծախեցին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: