«Տաշիր» առևտրի կենտրոնում կձևավորվի առանձնացված հարթակ, որտեղ կտեղակայվի հայկական թեթև արդյունաբերության արտադրանք՝ հագուստ, կոշիկ և աքսեսուարներ:
Ինչպես ասված է առևտրի կենտրոնի տնօրինության տարածած հաղորդագրության մեջ, «Տաշիր Ինվեստ Գրուպ» ընկերության կողմից իրականացվող «Armenian Brands» անունը կրող այս նախագիծը հնարավորություն կստեղծի պոտենցիալ գնորդների համար մեկ վայրում ծանոթանալ հայրենական մոդելավորողների և արտադրողների ներկայացրած նմուշներին:
«Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի զարգացման գլխավոր նախապայմանը արտադրության խթանումն է: Ուստի այս որոշման հիմնական նպատակն է խթանել հայաստանյան արտադրողների գործունեությունը, ապահովել մեկ հարթակից միասնական ցուցադրություն և վաճառք, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծել բիզնես-տուրիզմի զարգացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Տաշիր» առևտրի կենտրոնի տնօրինությունը տեղեկացնում է նաև, որ ավարտին են մոտենում համապատասխան վերանորոգման աշխատանքները: «Ավելորդ չէ նշել, որ նշված հարթակում մնացել են շատ սահմանափակ թվով տարածքներ, քանի որ արդեն իսկ առկա են պայմանավորվածություններ հայաստանյան թեթև արդյունաբերության մի շարք արտադրողների հետ, ովքեր ևս մեծ ոգևորությամբ են ընդունել այս նախաձեռնությունը: Հուսանք՝ գաղափարը հարմար ու հաճելի կլինի նաև գնորդների համար»,- ասված է հաղորդագրության մեջ: