Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 20.000 անվանական արժեքով թղթադրամը կեղծելու բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2016 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի Արզումանյան փողոցում գործող դեղատներից մեկում դեղորայք գնելու նպատակով վճարվել է 1 հատ 20.000 անվանական արժեքով թղթադրամ, որը, ինչպես հետագայում պարզվել է, եղել է կեղծ։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է նշված դեղատանը տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, որտեղ երևում է այն տղամարդը, ով կեղծ թղթադրամով դեղորայք է գնել դեղատնից:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք լուսանկարում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, իսկ ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության, գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական կամ ոստիկանության մոտակա բաժին։