Արշալույսներն այստեղ խաղա՞ղ էին
Վաղ առավոտից պառլամենտի աշխատանքներն սկսել են մարտական գործողություններով: Նախ, ԱԺ-ն անցավ նախորդ նիստում քննարկված հարցերի քվեարկությանը: Քվեարկության դրվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը և կից ներկայացված փաթեթը: Պատգամավորները հանդես եկան վարման կարգով:
Ի թիվս այլ պատգամավորների, ովքեր տարբեր կերպ արտահայտվեցին փաթեթի վերաբերյալ, Հրանտ Բագրատյանը բավականին սուր որակումներ հնչեցրեց: Նա նշեց. «Չի կարելի նման կերպ վարվել գյուղերի հետ, սա ընդամենը պատմության չիմացություն է, գյուղն ինչպե՞ս կարելի դատարկել: Էրդողանը՝ հասկանալով գյուղի ստրատեգիական կարևորությունը, 23 մլդ դոլար է ներդնում, որ գյուղերը պահպանվեն ու զարգանան. դուք էս ի՞նչ եք անում»:
Նախկին վարչապետին փորձեց հակադարձել Վարդան Այվազյանը: Ի դեպ, պետք է նշեմ, որ Այվազյանն ու Բագրատյանը բավականին հաճախակի են բախումներ ունենում, նրանք ասես հատուկ են հակադիր տեսակետներ ունենում:
Ինչևէ, Այվազյանը նշեց, որ «մարդիկ հերթական անգամ խոսում են խելոք բաներից՝ բացի քվեարկման վերաբերյալ»: Այդ ընթացքում Բագրատյանը տեղից բորբոքվեց և գոռալց Այվազյանի վրա: «Հանգիստ տեղդ նստի, մի ոգևորվի»,- համադարձեց ՀՀԿ-ական պատգամավորը: «Վունդերքինդ, մի ակտիվացի, ո՞վ ա սրան էս ազվերեննիկը տվել, արի ասեմ…»,- բղավեց Այվազյանը:
Բագրատյանը տեղից վեր թռավ և շարժվեց դեպի ՀՀԿ-ի սեկտորը: Պատգամավորները թեթևակի քաշքշեցին իրար, մինչև գործին խառնվեցին Խաչիկ Քոքոբելյանը և Վահրամ Բաղդասարյանը: Շարմազաովը կանգնեց և դժգոհ ու հրամայական ձայնով սաստեց «հակամարտող կողմերին»: «Վարդան, ամոթ ա, այ մարդիկ մի հատ հանգստացեք. Էս ի՞նչ եք անում»,- ասաց նա:
Պառլամենտական բախումների համաշխարհային պրակտիկան շատ մեծ է, գրեթե բոլոր երկրներում այն միշտ եղել է, բայց եկեք փաստենք, որ նման իրավիճակներն ու միջադեպերը մեր մենթալիտետին ու արժեհամակարգին հարիր չեն:
Պատրաստեց՝ Արմեն Հովասափյանը