Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի, «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Վերոնշյալ նախագծերի ընդունվելու դեպքում կկենսագործվեն «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ նախագահի 01.07.2012թ. կարգադրությամբ նախատեսված քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղված միջոցները, կապահովվի դատավարությունում մրցակցության և գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքների կենսագործումը, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործերի միատեսակ քննությունը: Նախագծի առաջնային ուղղություններից է նախնական դատական նիստի նշանակության բարձրացումը: Դրանով պայմանավորված գործին մասնակցող անձանց հետևյալ տնօրինչական լիազորությունների իրականացման հնարավորությունը պետք է սահմանափակել մինչև նախնական դատական նիստի ավարտը՝ հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու վերաբերյալ միջնորդության ներկայացումը, նոր պատասխանողի ներգրավումը կամ պատասխանողի փոխարինումը, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի կողմից դատավարության մեջ մտնելը, ապացույցներ ներկայացնելը: Նախագծով առաջարկվում է ըստ հաջորդականության սահմանել նախնական դատական նիստի ընթացքում դատարանի գործողությունների կատարման հաջորդականությունը: Նախնական դատական նիստը պետք է ունենա երկու նպատակ՝ ապացուցման պարտականության բաշխումը և ապացույցների հավաքումը: Նախագծի առանձին հոդվածներում առկա են քաղաքացիական դատավարության օրենսգրքում առավել շատ կիրառվող հասկացությունների ցանկի սպառիչ սահմանումներ, որպիսիք են հանդիսանում օրինակ՝ դատավարության մասնակիցների, հայցի առարկայի, դրա փոփոխման, հայցի փաստական և իրավական հիմքերի, գործն ըստ էության լուծող, գործն ըստ էության չլուծող, միջանկյալ, վերջնական դատական ակտերի հասկացությունը: Որպես նորարություն քաղաքացիաիրավական վեճերի արագ ու արդյունավետ լուծման դաշտում հնարավորություն է նախատեսվում անչափահասի՝ որպես վկայի հարցաքննելը: Այս դեպքում, սակայն, առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք հանգում են հետևյալին. տասնվեց տարեկան չդարձած վկային առաջին ատյանի դատարանը բացատրում է ցուցմունք տալու և միայն ճշմարտությունը հայտնելու կարևորությունը՝ առանց նախազգուշացնելու սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատաuխանատվության ենթարկվելու մաuին։ Անչափահաս վկայի հարցաքննությանն առաջին ատյանի դատարանը ներգրավում է անչափահասի օրինական ներկայացուցչին, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների հարցաքննությանը` նաև մանկական հոգեբանի կամ մանկավարժի: Տասնչորս տարեկան չդարձած վկայի հարցաքննության ժամանակ գործին մասնակցող անձինք հեռացվում են դատական նիստերի դահլիճից, եթե ունեն ներկայացուցիչ և եթե նրանց մասնակցությունը կարող է ազդել վկայի ցուցմունքների վրա: