Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների համար ստեղծված «4+4+4» ձևաչափն այսօր Ազգային ժողովում ստորագրեց համաձայնության մասին փաստաթուղթ:
Ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների վերաբերյալ համատեղ հայտարարությանը միացան երեք կողմերից երկուսը՝ ՀՀԿ, ՀՅԴ ու ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ կուսակցությունները, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փաստաթղթի ստորագրմանը չմիացան:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք կարևորել են, որ բացի քաղաքական ուժերից, քաղաքացիական հասարակությունը ևս մասնակցի քննարկումներին: «Մենք իրականում լավ գործ ենք անում: Գոյություն ունի համաձայնեցված տեքստ, որը մենք պատրաստ ենք ստորագրել: Կարծում ենք, որ սա, առանց չափազանցության, կարելի է համարել պատմական իրադարձություն: Երևի թե առաջին դեպքն է, երբ ՀՀ բոլոր քաղաքական ուժերն, ըստ էության, համաձայնել են: Լուրջ գործ է արվել: Իշխանությունները լուրջ քայլեր են կատարել՝ ընդառաջ քաղաքացիական հասարակությանը, ընդդիմությանը: