«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հռոմի Պապի այցից առաջ Հայաստանի սուրբ քաղաքում՝ Էջմիածնում, ուշագրավ միջադեպ է արձանագրվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրենի տեղակալ Արամ Բեյբությանը գինովցած, դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել Էջմիածին-Երևան երթուղու միկրոավտոբուսի վարորդին և ուղևորներին, հայհոյանքներով և սպառնալիքներով պարտադրել այն վարել իր մատնանշած վայրը: Իսկ երբ «Գազել»-ը հասել է Բեյբությանի տան մոտ, նա ուղևորներին հրահանգել է իջնել ավտոմեքենայից, իսկ ինքն իր մոտ եղած դանակով կոտրել է «Գազել»-ի ապակիները, հայելիները, պատռել անիվներն ու նստարանները:
Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ դանակով ուղևորին սպանել սպառնացող փոխտնօրենին ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստորագրությամբ ազատ են արձակել, ավելին՝ անգամ քրեական գործ չեն հարուցել: Իհարկե, այս երևույթն այդքան տարօրինակ չէր լինի, եթե Հայաստանի իրավապահները բոլորի հանդեպ այդքան «մարդասեր» և ներողամիտ գտնվեին:
Հիշեցնենք, որ, օրինակ, Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար Գևորգ Սաֆարյանն արդեն հինգ ամսից ավել կալանքի տակ է, ոստիկաններին խաղալիք ատրճանակով սպառնալու համար Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման և այսպես շարունակ: և երբ մարդիկ ասում են, որ Հայաստանում արդարադատություն չկա, իշխանություններին թվում է, թե ասում են՝ իրավապահ կամ դատավոր չկա: Օրենքները խտրական կիրառելն է հենց արդարադատության բացակայության մասին վկայում: Իսկ ինչո՞ւ է փոխտնօրենը նման բան արել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: